ԱՊԱՑՈՒՑՈՂԱԿԱՆ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ
en-USru-RUhy-AM

 

Ապացուցողական բժշկությունը (ԱԲ) որպես բժշկական կրթության, բժշկագիտության և կլինիկական մտածելակերպի ժամանակակից ոճ ներառված է առաջատար երկրների առողջապահության համակարգերում: Ներկայումս կուտակված միջազգային փորձը թույլ է տալիս առաջադրել «ապացույցների վրա հիմնված առողջապահության» հայեցակարգը: Այն նախատեսում է հանրային առողջության և առողջապահության կազմակերպման ու կառավարման բնագավառում ոչ միայն կլինիկական, այլ նաև վարչական որոշումների ընդունումը՝ գոյություն ունեցող ապացուցելի հետազոտությունների վերլուծության հիման վրա:

   

Կլինիկական որոշումներն ընդունելու ժամանակակից մոդելի համաձայն բժիշկի իրավասությունը որոշվում է ոչ միայն հիմնարար գիտելիքների ու կլինիկական փորձի առկայությամբ, այլ նաև գիտաբժշկական տեղեկատվությունը գնահատելու և օգտագործելու հմտությամբ ու կարողությամբ: Վերջինս անհնար է առանց կլինիկական համաճարակաբանության (ԿՀ) հիմունքների իմացության, որի բացակայության դեպքում բժիշկը իրազեկ չէ որակյալ տեղեկատվական հոսքերից, որոնք պետք է հանդիսանան նրա մասնագիտական գիտելիքների հիմքը:

Տեղեկատվական գրագիտության ցածր մակարդակը ստեղծում է նախադրյալներ բժշկական հանրության շրջանում անիրազեկության և խաբեբայության երևույթների ծաղկման, ինչպես նաև առողջապահության համակարգի բոլոր մակարդակներում շահերի բախման առաջացման համար:

Անիրազեկության բնորոշ օրինակ է՝ անհրաժեշտ կլինիկական գիտելիքների փոխարինումը դեղեր և բժշկական այլ ապրանք արտադրողների գովազդային տեղեկատվությամբ: Խաբեբայության բնորոշ օրինակ է՝ դեղերի և միջամտությունների նշանակումը, որոնց համար բժիշկը վարձատրվում է դեղեր և այլ բժշկական ապրանք արտադրող կազմակերպությունների կողմից:

Պաշտոնյայի անիրազեկությունը դրսևորվում է «թափանցիկ» ընթացակարգերի և որակյալ գիտական տվյալների վերլուծության հիման վրա հրահանգների պատրասման անկարողության մեջ: Բժշկի անիրազեկությունը դրսևորվում է՝ ըստ արդյունավետություն/անվտանգություն չափանիշների չապացուցված և/կամ վտանգավոր միջամտությունների նշանակման մեջ: Հետազոտողի անիրազեկությունը դրսևորվում է վերոհիշյալի կեղծ գիտական հիմնավորման մեջ:


Ներկայացված հիմնախնդիրները կրում են ինստիտուցիոնալ բնույթ և առանց դրանց առաջնահերթ լուծման առողջապահության ազգային համակարգի հրահանգային արդիականացման բոլոր փորձերը կլինեն ապարդյուն:

ԵՐԵՎԱՆՅԱՆ ՀՌՉԱԿԱԳԻՐ ապացուցողական բժշկության սկզբունքները հետևողականորեն առաջ մղելու վերաբերյալ (2012)


ԱԲՄՀԱ նախագահ,

ԲՍՀՀ-ի գլխավոր խմբագիր

բ.գ.դ., պրոֆեսոր

Ռուբեն Հովհաննեսյան